You must enable JavaScript to view this site.
This site uses cookies. By continuing to browse the site you are agreeing to our use of cookies. Review our legal notice and privacy policy for more details.
Close
Homepage > Regions / Countries > Europe and Central Asia > South Caucasus > Azerbaijan > Nagorno-Karabakh: A Plan for Peace

Լեռնային Ղարաբաղ Խաղաղության Հաստատման Ծրագիր

Europe Report N°167 11 Sep 2005

ԱՄՓՈՓԱԳԻՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լեռնային Ղարաբաղի տեւական հակամարտության՝ Անդրկովկասում կայունության հաստատման ճանապարհին ընկած կարեւորագույն խոչընդոտի հանգուցալուծումը շարունակում է մնալ խրթին, չնայած Ադրբեջանից եւ Հայաստանից վերջերս հնչող չափազանց լավատեսական լուրերին: 1994թ. հաստատված զինադադարին հաջորդած տասնմեկ տարիները, տարեցտարի աճող ռազմական բյուջեները, զինադադարի խախտման հաճախակի դարձած դեպքերը եւ երկուստեք միմյանց դիվականայացումը աղետալի վկայությունն են այն բանի, որ խաղաղության հաստատման շուրջ համաձայնություն ձեռք բերելու ժամանակը սպառվում է: Ներկայում, սակայն, փոխզիջումը կարող է կառուցվել այնպիսի մոտեցման շուրջ, որը՝ վիճաբանության առարկա հանդիսացող այլ հարցերի լուծմանը զուգընթաց, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հանգուցահարցը կթողի ավելի ուշ լուծման համար, այն բանից հետո, երբ կիրականացվեն մյուս միջոցառումները:

Հակամարտության կարգավորման համար առաջարկվող փաթեթի հիմնական տարերը ներառում են Հայաստանի կողմից աջակցվող Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դուրսբերում կազմավորմանը հարակից Ադրբեջանի գրավյալ շրջաններից, Ադրբեջանի կողմից հրաժարում կազմավորման բռնի ուժով վերամիավորումից, միջազգային խաղաղարար զորքերի տեղակայում, տեղահանված բնակչության վերադարձ եւ առեւտրի ու հաղորդակցության ուղիների վերաբացում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է վերջնականապես սահմանվի միջազգային կառույցների աջակցությամբ եւ բացառապես Ղարաբաղի հայերի ու ազերիների մասնակցությամբ անցկացված հանրաքվեի արդյունքում, սակայն միայն վերը նշված միջոցառումների իրականացումից հետո: Մինչ այդ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա որպես Ադրբեջանի մաս, չնայած՝ փաստացիորեն կլինի ինքնակառավարվող եւ կստանա միջազգային կառույցների կողմից ճանաչված անցումային կարգավիճակ:

Այսօր Հայաստանը եւ Ադրբեջանը տարաձայնություններ ունեն կենսական նշանակություն ունեցող հարցերում: Ադրբեջանը չի ընդունում իր տարածքային ամբողջականության հետ կապված որեւէ փոխզիջում, ինչպես նաեւ չի համաձայնվում միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից քվեարկության արդյունքում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը: Հայաստանը չի ցանկանում նպաստել Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերման գործընթացին, կամ թույլ տալ Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) վերադարձը Լեռնային Ղարաբաղ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի անկախությունն իրականություն չի դարձել: Կազմակերպվել է նախնական քննարկում կազմավորման վերջնական կարգավիճակի որոշմանն ուղղված համաժողովրդական քվեարկություն անցկացնելու հնարավորության շուրջ, սակայն չեն համաձայնեցվել անհրաժեշտ մանրամասները՝ ո՞վ ի՞նչ եւ ինչպե՞ս է քվեարկելու, ինչպես նաեւ չեն քննարկվել նման քվեարկության համատեքստում առաջացող հակամարտության կարգավորման այլ հնարավոր պայմանները:

1994 թվականից ի վեր, Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, ներկայումս Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ համանախագահությամբ, խթանում է բանակցությունները: Տաս տարի տեւած անպտուղ բանակցություններից հետո, 2004թ. նախաձեռնվեց հանդիպումների նոր ձեւաչափ՝ Պրահայի գործընթացը, որը ներառում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ երկկողմ ուղիղ շփումներ: Անցած տասներկու ամիսների ընթացքում այդ հանդիպումների մասնակիցները, ինչպես նաեւ ԵԱՀԿ համանախագահները հանդես են եկել լավատեսական հայտարարություններով մոտ ապագայում հաշտագրի ձեռքբերման մասին: Սակայն հույժ կարեւոր է այդպիսի ընդհանուր լավատեսությունը վերածել շատ կոնկրետ համաձայն եւ գործողությունների:

Քրայսիս Գրուփի կողմից ներկայացված նախորդ զեկույցը ներկայացրել է ուսումնասիրություն, թե ինչպես են այսօր ապրում Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների հայ ու ազերի համայնքները եւ ինչպես են նրանք տեսնում հակամարտության լուծումը[1]: Այդ ֆոնի վրա, այս զեկույցում ուսումնասիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառները, վերլուծված է ԵԱՀԿ ղեկավարությամբ տարվող բանակցային գործընթացը՝ 1992թ. հետո տեղի ունեցած զարգացումներով, եւ սահմանված են խաղաղության հաստատման գործնական եւ իրացվելի ծրագրի անհրաժեշտ տարրերը:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խուսափել պատերազմական գործողությունների վերսկսումից.

1.  Հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն 1994թ. հաստատված զինադադարը, ձեռնպահ մնան ուժ գործադրելուց, չխրախուսեն ուժի գործադրումը եւ վերջ դնեն տարածաշրջանում սպառազինումների մրցավազքին՝ դադարեցնելով ռազմական բյուջեների հետագա աճը:

Ստեղծել հակամարտության կարգավորման համար պատշաճ մթնոլորտ.

2.  Ադրբեջանը պետք է վերսկսի ուղղակի շփումները Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ եւ նպաստի Ղարաբաղի հայերի ու Ղարաբաղի ազերիների միջեւ ավելի սերտ կապերի ձեւավորմանը.

3.  Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները պետք է դադարեն նպաստել նախկինում մեծամասնություն կազմող ազերի բնակչություն ունեցող տարածքներում հայերի բնակեցմանը, այդ թվում՝

a) այդ տարածքներում դադարեցնեն հողի, տների եւ ձեռնարկությունների մասնավորեցումը,

b) Լեռնային Ղարաբաղին հարակից գրավյալ տարածքներում դադարեցնեն տեղական ինքնակառավարման մարմինների եւ ենթակառուցվածքների ստեղծումը,

c) պաշտպանեն ազերիների թողած տները:

4.  Հայաստանը պետք է խրախուսի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին ավելի հաշտական դիրքորոշում որդեգրել հակամարտության լուծման գործում:

Անդրադառնալ տարաձայնության առարկա հանդիսացող էական հարցերին.

5.  Կողմերը պետք է ստորագրեն պայմանագիր, որը ներառում է հետեւյալ տարրերը.

a) հրաժարում ուժի գորժադրումից եւ գորժադրման սպառնալիքներից տարաձայնությունների, այդ թվում նաեւ խաղաղության պայմանագրի իրականացման կապակցությամբ ծագած ցանկացած տարաձայնության լուծման նպատակով,

b) համատեղ հանձնաժողովի ստեղծում, որի կազմում կընդգրկվեն Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները եւ որը՝ միջոցառումների իրականացումը վերահսկելու նպատակով կնախագահի ԵԱՀԿ-ն,

c) Հայաստանի կողմից աջակցվող Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի աստիճանաբար դուրսբերում Լեռնային Ղարաբաղին հարակից բոլոր գրավյալ տարածքներից՝ սակայն սկսելով հինգ շրջաններից, միջազգային խաղաղարար զորքերի տեղակայմանը զուգահեռ,

d) Հայաստանի կողմից աջակցվող Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դուրսբերում Քելբաջարի շրջանից՝ Մռավի լեռնանցքում համապատասխան անվտանգության միջոցառումների իրագործումից հետո, ինչպես նաեւ Լաչինի շրջանից` Լաչինի միջանցքով անվտանգ հաղորդակցությունը երաշխավորող համաձայնությունների ձեռքբերումից հետո,

e) տեղահանված բնակչության անվտանգ եւ կամավոր վերադարձ նախկին գրավյալ տարածքներում նրանց մինչպատերազմական ժամանակաշրջանի տներ՝ զինված ուժերի դուրսբերումից եւ միջազգային խաղաղարար զորքերի տեղակայումից հետո,

f) մարդկանց եւ ապրանքների ազատ երթեւեկության երաշխիքներ, ներառյալ՝ շրջափակման վերացում եւ հակամարտության արդյունքում փակված տրասնպորտային եւ առեւտրի բոլոր ուղիների (ավտոճանապարհների եւ երկաթուղիների) վերաբացում,

g) վստահության ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացում միջազգային կազմակերպությունների, ներառյալ՝ ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի, ԵԱՀԿ-ի եւ այլ ոչ-կառավարական կազմակերպությունների հետ  համատեղ,

h) Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի լուծման նպատակով հանրաքվեի մեխանիզմի սահմանում ստորեւ նկարագրված եղանակով, պայմանով, որ այդ ընթացքում կազմավորումը կունենա միջազգայնորեն ճանաչված անցումային կարգավիճակ, եւ նրա կառավարման մարմինները կընտրվեն միջազգային կառույցների վերահսկողությամբ:

6.  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման հանրաքվեի միջոցով, որը պետք է՝

a) անցկացվի այն բանից հետո, երբ տեղահանված ազերիները վերադառնան Լեռնային Ղարաբաղի այն տարածքներ, որտեղ նրանք նախկինում մեծամասնություն են կազմել, եւ միջազգային վեհաժողովը հաստատի, որ Լեռնային Ղարաբաղը բավարարում է պետականության, ներառյալ՝ փոքրամասնության իրավունքների պաշտպանության միջազգային նախապայմանները. ընդ որում այդ գնահատականն առաջին անգամ կանցկացվի  խաղաղության պայմանագրի ստորագրումից հինգ տարի անց,

b) Լեռնային Ղարաբաղին ընձեռի պատշաճ այլընտրանքային հնարավորություններ, այդ թվում նաեւ՝ միանալ Ադրբեջանին կամ դուրս գալ Ադրբեջանի կազմից,

c) անցկացվի բացառապես Ղարաբաղի հայերի եւ ազերիների մասնակցությամբ,

d) անցկացվի այնպիսի պայմաններով, որի ճշգրտրիտ սահմանումը կտրվի ԵԱՀԿ-ի նախագահությամբ անցկացված բանակցությունների արդյունքում այն սկզբունքի հիման վրա, որ բոլոր կողմերը կճանաչեն հանրաքվեի արդյունքների իրավական ուժը:

Նպաստել հակամարտության կարգավորման հանրային ընկալմանը.

7.  Ադրբեջանը պետք է թույլատրի Ղարաբաղի ազերիներին ավելի ակտիվ դեր խաղալ բանակցային եւ ներքին քաղաքական գործընթացներում, այդ թվում նաեւ ընդունի օրենք, որը թույլ կտա Ղարաբաղի ազերիներին ընտրել իրենց համայնքի ղեկավարներին ՝ տեղահանված անձանց երաշխավորելով ձայնի իրավունք 2005թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ թույլ տալով բոլոր թեկնածուներին քարոզարշավ կազմակերպել համատեղ կենտրոններում:

8.  Հայաստանի եւ Ադրբեջանի պետական պաշտոնյաները եւ զանգվածային լրատվության միջոցները պետք է ձեռնպահ մնան միմյանց նկատմամբ թշնամական եւ օտարատյաց արտահայտություններ օգտագործելուց:

9.  Բանակցային գործընթացում մասնակցող պաշտոնյաները պետք  է համաձայնվեն այդ գործընթացի մասին տեղեկատվության տարածման համար ընդհանուր ռազմավարության  շուրջ, կոորդինացնեն հանրությանը՝ հնարավոր պայմանագրի տարրերի ներկայացման  ջանքերը եւ պատրաստ լինեն սկսել քննարկումներ առավել ցավոտ հարցերի շուրջ:

Ձեւավորել վստահություն եւ երաշխավորել տեւական խաղաղություն.

10.  Դոնորները պետք է աջակցեն Հայաստանին եւ Ադրբեջանին մշակելու եւ իրականացնելու փոքրածավալ, միջսահմանային, ենթատարածաշրջանային առեւտրի, մարդասիրական եւ հանրային առողջապահական ծրագրեր, այդ թվում նաեւ հետաղետային միջոցառումներ, ինչպես նաեւ ֆինանսավորել եւ օգնել իրականացնելու ծրագրեր, որոնք նպատակաուղղված են բարելավելու փոխընմբռնման, հանդուրժողականության եւ հաշտության մթնոլորտը՝ դիմելով քաղաքացիական հասարակությունը, ուսուցիչներին եւ լրագրողներին:

11.  Դոնորները պետք է իրականացնեն Լեռնային Ղարաբաղում եւ հարակից գրավյալ տարածքներում կարիքների գնահատման միասնական առաքելություն եւ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հրավիրեն միջազգային դոնորների գործողությունների կոորդինացման համաժողով եւ սկսեն ծրագրերի իրականացումը նախկին հակամարտության գոտում:

12.  Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է հետաքննեն պատերազմական հանցագործությունները, դատապարտեն դրանց համար պատասխանատու անձանց եւ ընդունեն օրենքներ, որոնց հիման վրա համաներում կշնորհվի այն անձանց, ովքեր մասնակցել են հակամարտությանը, սակայն չեն կատարել լուրջ հանցանքներ:

13.  Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ստեղծեն համատեղ հանձնաժողովներ, որոնք՝

a) կտան քաղաքական գնահատական հակամարտության պատճառներին եւ հետեւանքներին եւ

b) կզբաղվեն ունեցվածքի միջպետական վերադարձի եւ փոխհատուցման հարցերով:

Մեծացնել խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները եւ ապահովել դրանց կայունությունը

14.  ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, ԵԱՀԿ-ն եւ ԵՄ Նախարարների Խորհուրդը պետք է հրապարակավ հայտարարեն, որ դառնալու են խաղաղության պայմանագրի երաշխավորներ:

15.  ԵԱՀԿ-ն պետք է ընդլայնի ԵԱՀԿ գրասենյակի նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը, ներառելով աշխատանքը քաղաքացիական հասարակության, մամուլի եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, որը կխթանի կողմերի միջեւ շփումները տեղական մակարդակով, կձեւավորի վստահության մթնոլորտ եւ գրավյալ տարածքներում կբացի գրասենյակներ՝ հավաքագրելով քաղաքական, մարդու իրավունքների եւ ընտրությունների հարցերով պատասխանատու աշխատակիցների:

16.  ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ մասնակցի հակամարտության լուծման նախաձեռնությանը՝ տարածաշրջանում բացելով Անդրկովկասում Հատուկ Ներկայացուցչի գրասենյակ:

17.  ԵՄ-ն պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իր Գործողությունների ծրագրում ներառի երկարաժամկետ ծրագրեր եւ ռազմավարություններ՝ վստահության մթնոլորտի խթանման նպատակով:

Թբիլիսի-Բրյուսել, 11 հոկտեմբերի 2005թ



[1] Քրայսիս Գրուփի Եվրոպական զեկույց N 166, Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության դիտարկումը տեղում, 14 սեպտեմբերի 2005թ.

More Information