icon caret Arrow Down Arrow Left Arrow Right Arrow Up Line Camera icon set icon set Ellipsis icon set Facebook Favorite Globe Hamburger List Mail Map Marker Map Microphone Minus PDF Play Print RSS Search Share Trash Crisiswatch Alerts and Trends Box - 1080/761 Copy Twitter Video Camera  copyview Whatsapp Youtube
Ինչպես դուրս գալ փակուղուց Լեռնային Ղարաբաղում
Ինչպես դուրս գալ փակուղուց Լեռնային Ղարաբաղում
Ruined houses at the entrance to Kubatly town. All rights reserved
Report 255 / Europe & Central Asia

Ինչպես դուրս գալ փակուղուց Լեռնային Ղարաբաղում

Արագ շարժվելու դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են դուրս գալ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ իրենց երկարատև փակուղուց: Նրանք կարող են վարել անաղմուկ բանակցություններ խրթին հարցերի վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում գտնվող բնակավայրերի, խաղաղապահների և վերջնական կարգավիճակի: Բայց դրանք անհրաժեշտ է քննարկել առանձին-առանձին, առանց իրար հետ կապակցելու:

  • Share
  • Save
  • Print
  • Download PDF Full Report

Գործադիր ամփոփում

Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ծավալվող կիսամեռ խաղաղության գործընթացին կենդանության շունչ հաղորդելու փխրուն հնարավորությունը կարծես կորստի վտանգի տակ է։ Իրադարձությունների նմանատիպ զարգացման դեպքում, Բաքուն և Երևանը ոչ միայն կկորցնեն վերջերս ունեցած ձեռքբերումները, այլև առժամանակ խաչ կքաշեն խաղաղության գործընթացի վրա։ Երևանն ու Բաքուն խոհեմ կլինեն, եթե արագ գործեն։ Նրանք կարող են բանակցություններ սկսել փակուղային իրավիճակի համար հիմք հանդիսացող խնդիրների վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների ճակատագիրը, որոնք տուն են դարձել հայ բնակիչների համար, միջազգային խաղաղապահների հնարավոր դերը, և հիմնական խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ինչ վերաբերում է հարակից տարածքներին, որոշակի ժամկետով նոր բնակեցման ծրագրերի սառեցումը Ադրբեջանի կողմից միջազգային իրավական գործողությունների կամ նոր պատժամիջոցների կասեցման խոստման դիմաց կարող է վերահսկողության տակ պահել մտահոգիչ մի խնդիր և նպաստել այլ անհամաձայնությունների շուրջ բանակցությունների մեկնարկին։  Խաղաղապահ առաքելության հնարավորությունների մասով, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Բարձր մակարդակի պլանավորման խումբը (ԲՄՊԽ), որը ստեղծվել է 90-ական թվականներին նման առաքելություններ ծրագրելու նպատակով, կարող է վերստին գնահատել տարբերակները։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում կողմերի միջև առկա է լուրջ ջրբաժան, սակայն գուցե դեռ արժե կշռադատված, ոչ պաշտոնական բանակցություններ սկսել։

2019թ. սկզբին առաջընթացը շոշափելի էր թվում։ Հայաստանի նոր իշխանությունները ասում էին, որ պատրաստ են փնտրել փոխզիջումային լուծում։ Բաքուն կարծես ավելի բաց էր տարաձայնությունների լուծման ուղիներ ուսումնասիրելու հարցում: Երկու երկրների հարաբերությունները, որոնք թշնամական են 1992-1994թթ. պատերազմից ի վեր և ավելի են վնասվել հարյուրավոր մարդկանց կյանքեր խլած 2016թ. բախումների արդյունքում, մի փոքր դրական տեղաշարժ գրանցեցին։ Վերականգնված դիվանագիտական ներգրավվածությունը կողմերի միջև կրճատեց թշնամական բռնկումների քանակը և ստեղծեց ավելի բարենպաստ միջավայր բանակցությունների համար։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համաձայնություն ձեռք բերեցին առաջնագծերին մոտ գտնվող տարածքներում մարդասիրական ծրագրեր գործարկել և թույլ տալ հակամարտության կողմերի մայրաքաղաքների այցելությունը լրագրողների և կալանավորվածների հարազատների կողմից:

Այդուհանդերձ, մերձեցումը չի հանգեցրել բանակցությունների վերսկսմանը: Լեռնային Ղարաբաղի շուրջ տարաձայնությունների հիմնական կետերի շուրջ երկու կողմերի միջև քննարկումները ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ դադարեցված են: Օտարացման տարիները կարծրացրել են դիրքերը. Երևանը, Բաքուն և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում գործող դե ֆակտո իշխանությունները շարունակում են անզիջում պահանջներ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի վերջնական ճակատագրի վերաբերյալ: Ավելին, վերջին ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերությունները կրկին սառել են, քանի որ առաջնորդներից յուրաքանչյուրը «ակն ընդ ական» սկզբունքով պահանջներ էր առաջ բերում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որոնք մյուս կողմը համարում էր սադրիչ։ Եթե երկու կողմերը չկարողանան օգտագործել 2019թ. ձեռք բերված առաջընթացը, հարաբերական անդորրը կարող է չպահպանվել։

Փոխզիջման որոնմանն ուղղված ջանքերի վերականգնումը կարող է օգնել կանխել լարվածության հերթական աճը: Մասնավորապես, կողմերը կարող են վերանայել երեք հարց, որոնց շուրջ ունեցել են տարաձայնություններ 1992-1994թթ. պատերազմից ի վեր։ Առաջինը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների ճակատագրին։ Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ստիպված են եղել լքել այս տարածքները։ Նորաբնակները՝ մեծամասամբ հենց Ադրբեջանից տեղահանված էթնիկ հայեր, տեղափոխվել են այդ տարածքներ։ Ներկայումս Ստեփանակերտը ֆինանսավորում և իշխանություն է իրագործում այդ բնակավայրերում, որոնք տարածվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև գտնվող տարածքի մեծ մասի վրա։ Նորաբնակները զգալիորեն նպաստում են անջատված շրջանի տնտեսության զարգացմանը, հիմնականում բարգավաճող գյուղատնտեսության միջոցով, և ամուր կապեր ունեն իրենց հիմնաքարից կառուցած տների և համայնքների հետ: Գտնել առաջընթացի ճանապարհ, որը կբավարարի ինչպես նորաբնակների, այնպես էլ հարակից տարածքներից տեղահանված անձանց շահերը, և որը նաև կնախատեսի այդ տարածքների վերադարձը Ադրբեջանին, մեծ մարտահրավեր է լինելու։

Բանակցությունների համար պայմաններ ապահովելու տարբերակ կարող է լինել այն, որ Հայաստանը համոզի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին կասեցնել նոր բնակավայրերին առնչվող ծրագրերը, իսկ, ի պատասխան, Ադրբեջանը խոստանա սահմանված ժամանակահատվածում չիրագործել միջազգային դատարաններում բնակավայրերի ընդլայնմանն առնչվող բողոքի հայցերի ներկայացման կամ հետագա պատժամիջոցների սահմանման ծրագրերը։ Երևանը պնդում է, որ բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ որոշումները Ստեփանակերտի ձեռքում են: Սակայն իրականում Հայաստանը զգալի ազդեցություն ունի՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության հիմնական երաշխավոր, ԼՂ բյուջեի շուրջ կեսի մատակարար և հիմնական շուկա ԼՂ ապրանքների համար: Բաքուն իր հերթին հավանաբար դեմ կլինի նման փոխադարձ քայլերին՝ վախենալով, որ բնակեցման ծրագրերի սառեցման դիմաց իրավական գործողությունների կասեցումը կարող է ստեղծել տպավորություն, որ վերջինս ընդունում է գոյություն ունեցող բնակավայրերը, և սա մի ժամանակահատվածում, երբ իրեն թվում է, որ իր դիրքորոշումը ավելի մեծ միջազգային աջակցություն է վայելում։ Սակայն Ադրբեջանը կարող է հրապարակայնորեն վերահաստատել իր դիրքորոշումը, որ բնակեցման գործողությունները խախտում են միջազգային իրավունքը՝ անկախ այն   նոր պատժամիջոցների կամ իրավական գործողությունների կասեցման հանգամանքից, և դրանով իսկ ցույց տալ, որ մերժում է գոյություն ունեցող բնակավայրերի շարունակական գոյությունը:

Երկրորդ հարցը վերաբերում է հնարավոր միջազգային խաղաղապահ կամ մշտադիտարկման առաքելության կազմին և մանդատին։ Նման առաքելությունը կարող է օգնել նվազագույնի հասցնել բռնությունը, պայմաններ ստեղծել խաղաղության պայմանագրի համար և նպաստել նման համաձայնագրի հասնելուն կամ ապահովել դրա իրականացումը, եթե և երբ այն ձեռք բերվի: Թեև առաջարկները ընդմիջումներով շրջանառվում են 1994 թվականից սկսած, մասնավորապես Ռուսաստանի կողմից, մինչ այժմ որևէ նման ուժ չի տեղակայվել: Կողմերը հակված են եղել հակադրվել ռազմակա, կամ Ռուսաստանի չափից մեծ դերակատարմամբ ուժի առկայությանը: 90-ական թվականներին նման առաքելություններ ծրագրելու նպատակով ստեղծվել է ԵԱՀԿ ԲՄՊԽ, սակայն բանակցություններում առաջընթացի բացակայության պայմաններում այն ձախողել է։ Կողմերի աջակցությամբ ԵԱՀԿ-ն կարող է վերակենդանացնել այդ կառույցը և հանձնարարել դրան մի շարք տարբերակներ սահմանելու մանդատ՝ որոշակի ժամանակային սահմանափակմամբ (գուցե մեկ տարի)։ Դրանք, հետագայում,  կարող են հիմք ծառայել նման առաքելության վերաբերյալ կողմերի միջև քննարկումների համար։

Վերջին հարցը Լեռնային Ղարաբաղի անկախության պահանջն է, որը հակամարտության առանցքում է և ամենադժվար լուծելին է: Հայաստանը և Ստեփանակերտը պնդում են պետականության վրա: Առավելագույնը, որ Բաքուն պատրաստ է առաջարկել, Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունն է Ադրբեջանի կազմում: Չնայած կողմերի դիրքորոշումներում քիչ ընդհանուր եզրեր կան, տեղաշարժի զգուշավոր նշաններ կան։ Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են ուսումնասիրել, թե կոնկրետ ինչ է ենթադրում շրջանին ինքնավարություն շնորհելը և ինչպես կարելի է կազմակերպել հանրաքվե դրա կարգավիճակի վերաբերյալ: Նրանց գաղափարները հեռու են Երևանի կամ Ստեփանակերտի կողմից ընդունելի լինելուց, և ոչ էլ արտացոլում են Լեռնային Ղարաբաղում ներկայիս կյանքի և կառավարման ճշգրիտ պատկերացումներ: Այնուամենայնիվ, դրանք կարող էին քննարկման համար մեկնարկային կետ հանդիսանալ: Հաշվի առնելով խնդրի զգայունությունը և կողմերի միջև հեռավորությունը՝ կարգավիճակի վերաբերյալ ցանկացած բանակցության մեկնարկ հավանաբար պետք է լինի կշռադատված և կիսապաշտոնական ձևաչափով։

Թեև անցյալի երկխոսությունները հիմնականում ձախողվել են կողմերի միջև տարաձայնությունների և անվստահության պատճառով, կարելի է պնդել, որ այն հանգամանքը, որ երեք հարցերը միշտ քննարկվել են միասին, որպես մեկ փաթեթ, նպաստավոր չի եղել: Երեքը փոխկապակցված են, և յուրաքանչյուրի հարցում առաջընթացը պահանջում է (և կարող է դրա հնարավորություն ստեղծել) առաջընթաց մյուսների հարցում: Այնուամենայնիվ, կողմերը դանդաղ են գործել առաջին երկուսի, այն է՝ բնակեցման գործողությունների և միջազգային խաղաղապահների կամ դիտորդների հնարավոր դերի հարցում` վախենալով, որ դա կարող է ազդել երրորդի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հետագա քննարկումների վրա: Այս սահմանափակումները մեղմելու համար կողմերը կարող են երաշխավորել, որ ձեռք բերված ցանկացած համաձայնություն նախատրամադրվածություն չի ստեղծի այլ հարցերի շուրջ բանակցությունների նկատմամբ:

Կողմերի միջև ուղղակի բանակցությունները անխուսափելիորեն ռիսկեր են պարունակում։ Դրանք կարող են ընդգծել երկու կողմերի դիրքորոշումների միջև եղած հեռավորությունը՝ դրանով իսկ բորբոքելով փոխադարձ զայրույթ և գուցե շրջելով վերջին ամիսների ձեռքբերումները: Բայց շարունակական փակուղու երկար տարիները էլ ավելի են հեռու մղել հնարավոր լուծումը, և հայերին ու ադրբեջանցիներին մեկուսացրել են միմյանցից։ Որքան շատ ժամանակ անցնի, այնքան փաստացի իրավիճակը ավելի կամրապնդվի և այնքան ավելի դժվար կլինի այն շրջել, ու պատերազմի ռիսկն էլ ավելի մեծ կլինի։ Եթե բանակցությունները կարող են վատթարացնել խնդիրները, ապա դրանց շարունակական բացակայությունը ամենայն հավանականությամբ կբարդացնեն իրավիճակը։ Բանակցությունների սեղան վերադառնալը դժվար կլինի, բայց դա Հայաստանի և Ադրբեջանի համար փակուղուց դուրս գալու միակ ճանապարհն է։

 

Բաքու/Երևան/Ստեփանակերտ/Թբիլիսի/Բրյուսել, դեկտեմբերի 20, 2019 թ.